Երբեմն հանգստի մեկնելուց առաջ այնքան ծրագիր ենք կազմում, որ ուղևորությունն էլ է վերածվում անելիքների ցուցակի։ Որտե՞ղ գնալ, ի՞նչ տեսնել, ինչպե՞ս ամեն ինչ հասցնել երկու օրվա ընթացքում։

Բայց նոյեմբերյան հանգիստը Դիլիջանում կարող է ուրիշ ընթացք ունենալ։ Արթնանալ առանց զարթուցիչի, երկար նախաճաշել, լողալ տաք ջրում և երեկոյան հավաքվել բուխարու շուրջ։

Black Inn Dilijan-ում կարող եք մի քանի օր նվիրել հենց այդպիսի հանգստին՝ ընտանիքով կամ ընկերներով, մեկ տան մեջ ու ձեր նախընտրած ռիթմով։

Առավոտ, որը չի սկսվում շտապելով

Պատկերացրեք՝ առավոտյան առաջինը խոհանոցից լսվում է սուրճի ապարատի ձայնը։ Մեկն արդեն արթնացել է, մյուսները հերթով միանում են սեղանին, իսկ պատուհանից դուրս Դիլիջանի ուշ աշունն է։

Այսօր նախաճաշը կարելի է երկարացնել։ Պետք չէ արագ հագնվել կամ ճանապարհ ընկնել՝ հաջորդ վայրը հասցնելու համար։ Կարող եք երկրորդ բաժակ սուրճը խմել ու վերջապես լսել այն պատմությունը, որը երեկ կիսատ մնաց։

Black Inn-ում առկա են սուրճի ապարատ, երեք տեսակի սուրճ և խոտաբույսերով թեյ։ Մնում է բերել ձեր սիրելի նախաճաշի մթերքներն ու որոշել՝ ով է այսօր պատրաստելու։

Ընդհանուր տարածք՝ բազկաթոռներով և երկար ճաշասեղանով Արևածաղիկների փունջ, փիրուզագույն ծաղկաման և փոքր դդումներ ճաշասեղանին

Դրսում՝ նոյեմբեր, ներսում՝ տաք լողավազան

Զով եղանակը լողազգեստը տանը թողնելու պատճառ չէ։

Black Inn-ի փակ տաքացվող լողավազանի ջուրը պահպանում ենք մոտ 28–30°C։ Պանորամային ապակիների միջով դրսի տեսարանը մնում է ձեր հանգստի մասը, իսկ դուք վայելում եք տաք ջուրը։

Լողավազանի համար կարելի է ժամանակ հատկացնել ցերեկը՝ առանց օրվա մնացած մասը լցնելու պարտադիր ծրագրերով։ Հետո՝ հանգիստ, զրույց կամ մի բաժակ թեյ։

Լողավազանից օգտվելը ներառված է տան վարձակալության արժեքում։ Սրբիչներն ու խալաթները նույնպես տրամադրում ենք։

Տեսարան լողավազանից՝ ապակեպատ պատի միջով դեպի Դիլիջանի անտառապատ բլուրները Black Inn Dilijan-ի փակ տաքացվող լողավազանը՝ համայնապատկերային պատուհաններով

Շոգեբաղնիք՝ նույն տան տարածքում

Նոյեմբերյան հանգստի ծրագրում կարող եք ներառել նաև ռուսական շոգեբաղնիքը, որից օգտվելը նույնպես ներառված է արժեքում։

Առանձին վայր փնտրելու և մեքենայով գնալու կարիք չկա։ Ամեն ինչ տեղում է, և կարող եք օրը կազմակերպել ձեր խմբի նախասիրություններով։

Մի մասը գուցե ցանկանա օգտվել շոգեբաղնիքից, մյուսները՝ մնալ ընդհանուր տարածքում կամ զբաղվել ընթրիքի պատրաստությամբ։ Բոլորը կարող են իրենց ձևով հանգստանալ ու հետո կրկին հավաքվել։

Միասին պատրաստած ընթրիքի հաճույքը

Երբ չեք շտապում, նույնիսկ ընթրիք պատրաստելը կարող է դառնալ միասին անցկացրած ժամանակի հաճելի մասը։

Մեկը բանջարեղենն է պատրաստում, մյուսը՝ սեղանը գցում, երրորդը զբաղվում է հիմնական ուտեստով։ Սիրելի երաժշտություն, զրույցներ ու արդեն ծանոթ հարցը․ «Իսկ ո՞վ է աղը փորձելու»։

Black Inn-ի խոհանոցում առկա են պատրաստելու և մատուցելու համար անհրաժեշտ պարագաներն ու խնամքով ընտրված սպասքը։ Կան նաև մանղալ, խորովածի շշեր և ուզբեկական կազան։

Տրամադրում ենք աղ, պղպեղ, ձեթ ու շաքարավազ։ Իսկ ընթրիքից հետո աման լվացող մեքենան օգնում է ավելի արագ ավարտել գործերը և վերադառնալ ընդհանուր երեկոյին։

Եթե ցանկանում եք սպասարկման հարցում օգնություն ունենալ, կարող եք նախապես քննարկել հավելյալ ծառայությունը․ դրա ծավալն ու արժեքը համաձայնեցվում են առանձին։

Գցված սեղան կանաչ ափսեներով, բաժակներով և կարմիր ծաղիկներով Բացօթյա տաղավար՝ փայտե առաստաղով, սեղանով և խորովածի գոտիով

Երեկոն՝ բուխարու շուրջ

Նոյեմբերին շուտ մթնելը նաև երկար երեկոյի հնարավորություն է։

Կարելի է սեղանի խաղ բացել, ընտանեկան ֆիլմ ընտրել կամ պարզապես նստել բուխարու շուրջ։ Հաճախ հենց այդ ժամանակ են սկսվում ամենաերկար զրույցները՝ դպրոցական հիշողություններից մինչև հաջորդ միասնական ուղևորության ծրագրերը։

Բուխարու համար փայտը տրամադրում ենք մենք։ Տունն ունի նաև ջեռուցման համակարգ, այնպես որ զով եղանակին ներսում հարմարավետ լինելը միայն բուխարիից կախված չէ։

Իսկ եթե սիրում եք լուսանկարներով պահել նման օրերը, մեր աշնանային ձևավորումը ևս կդառնա ձեր հիշողությունների մի մասը։ Ամեն տարի տունը զարդարում ենք՝ ուշադրություն դարձնելով այն մանրուքներին, որոնք միջավայրը դարձնում են ավելի ջերմ ու գեղեցիկ։

Դդմաձև փափուկ բարձեր մոխրագույն բազմոցին՝ վառ գունավոր կտավի տակ Հյուրասենյակ՝ վառ գունավոր կտավով, կոմոդով և հատակի լամպով

Ձեր խումբը՝ մեկ տան մեջ

Այսպիսի հանգիստը հատկապես հաճելի է, երբ ձեր սիրելի մարդիկ կողքին են, և երեկոյի վերջում բաժանվելու կարիք չկա։

Black Inn Dilijan-ը տրամադրվում է ամբողջությամբ՝ միայն ձեր խմբին, և նախատեսված է մինչև 15 գիշերակացով հյուրի համար։ Ունենք 6 ննջասենյակ և 6 սանհանգույց։

Կարող եք գալ մի քանի ընտանիքով կամ ընկերներով։ Ամրագրելիս կօգնենք քննարկել սենյակներով տեղավորումը՝ ձեր խմբի կազմին համապատասխան։

Ննջասենյակ երկտեղանի մահճակալով և նարնջագույն պատերով Ննջասենյակ մեկտեղանի մահճակալներով՝ կապույտ պատերով

Մի ամբողջ օր՝ առանց հավաքվելու

Եթե ուզում եք հանգիստ առավոտից հետո նաև մի ամբողջ ազատ օր ունենալ, մտածեք երկու գիշերով մնալու մասին։

Առաջին օրը կհասնեք ու կտեղավորվեք, երկրորդը ամբողջությամբ ձեր տրամադրության տակ կլինի։ Այդպես լողավազանը, ընթրիքն ու բուխարու շուրջ երեկոն պետք չի լինի տեղավորել մի քանի ժամվա մեջ։

Մեկից ավելի գիշեր ամրագրելու դեպքում Black Inn-ում գործում է նաև զեղչ։ Ձեր ընտրած օրերի համար դրա չափն ու վերջնական արժեքը ճշտեք մեզ հետ։

Նոյեմբերը՝ միասին անցկացնելու համար

Դիլիջան գալու համար պարտադիր չէ մեծ առիթ սպասել։ Երբեմն բավական է հանգստյան օր ընտրել, հավաքել ձեր մարդկանց և մի փոքր ժամանակ ազատել իրար համար։

Գուցե այդ օրերին շատ վայրեր չայցելեք։ Փոխարենը կհասցնեք երկար նախաճաշել, միասին պատրաստել, լողալ և զրուցել այնքան, որքան վաղուց չէիք հասցրել։